ԵՊՀ-ում, ձերբազատվելով Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի որոշ աշխատակիցներից, որոշել են զբաղվել «Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանային անվտանգությամբ», այլ կերպ ասած` հնարավոր ունկնդիրները հրավիրվում են ԵՊՀ, որպեսզի Պապուա-Նոր Գվինեայի, Կամբոջայի և Հոնոլուլու կղզու անվտանգության հիմնահարցերի վերաբերյալ «դասախոսություն» լսեն:
Մի կողմ դնենք սարկազմը, քանզի մեծ է հավանականությունը, որ Նոր Հայաստանում գտնվեն մարդիկ, որոնց կհետաքրքրի, թե ինչպես է Խաղաղ օվկիանոսում լուծվում պապուասների անվտանգության հարցը: Խնդիրն այլ է:
ՈՒրեմն, դասախոսությունը կարդալու է ոմն Ազիզյան Ռուբեն: Վերջինս ներկայացված է որպես պրոֆեսոր: Այժմ փորձեք համացանցի որոնողական համակարգերում գտնել «պրոֆեսոր Ռուբեն Ազիզյան»-ին: Վստահաբար` չեք գտնի: Չէ, Ռուբեն Ազիզյան անունով մարդ կա, սակայն վերջինս ռուսաստանաբնակ ճանաչված բժիշկ է` ուռուցքաբան և պլաստիկ վիրաբույժ: Չեմ կարծում, որ նա այնքան «թեթևանար» և ԵՊՀ-ում «Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանային անվտանգությունից» խոսեր: Ավելին` «պրոֆեսոր Ռուբեն Ազիզյան»-ի վերաբերյալ տեղեկություններ չկա նույնիսկ ԵՊՀ-ի կայքում:
Այդ դեպքում, ո՞վ է պրոֆեսոր, միաժամանակ` պապուասագետ Ազիզյան Ռուբենը: Չգիտեմ:
Ակամա հիշեցի հանճարեղ Օստապ Բենդերին, որը չգիտեր շախմատ խաղալ, սակայն Վասյուկիում շախմատի դասախոսություն էր կարդում:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Հ.Գ.
Չմոռանամ նշել, որ ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետից հեռացված դասախոսների վերաբերյալ տեղեկությունները համացանցում լիուբոլ են: